Արջուտ գյուղի հարստացուցիչ հանքավայրի տարածքում հայտնաբերվել է 39–ամյա աշխատակցի դին

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Արջուտ գյուղի հարստացուցիչ հանքավայրի տարածքում հայտնաբերվել է աշխատակիցներից մեկի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 02։40-ի սահմաններում։
«Պարզվել է, որ ժամը 02։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Հարություն Է․-ն նշված կոմբինատում՝ հորում (բունկեր), հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հողը լցվել է վրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։