Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները որոշել են խախտել լռությունը և հանդես գալ հայտարարությամբ

Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը որոշել են խախտել լռությունը և հանդես գալ հայտարարությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում,և պարբերաբար հանդես ենք գալու հրապարակումներով»,– գրում է պաշտպանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ է ուղարկել դատարան:
Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք:
Կոչուբաևը նաև նշել է, որ այս քրեական հետապնդումը իրենք չեն դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ:
Վլադիմիր Գասպարյանը հայտնեց` ինչպես է ձեռք բերվել Մոնումենտի իր առանձնատունը
Պաշտպանները վստահ են, որ Վլադիմիր Գասպարյանը արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության` սուտ մատնություն կատարելու համար:
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել