Փարաքարի աղմկահարույց սպանության գործով կալանավորվել են «Թոխմախցի Յուրոն» և ևս 4 անձ

Հանցավոր խմբի ևս երեք անդամի մեղադրանք է ներկայացվել կատարված հանցավոր արարքներին օժանդակելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 2022թ. հունիսի 23-ին Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության դեպքի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է, կա 5 կալանավորված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 23–ին 36-ամյա տղամարդուն` Վարազդատ Բարոյանին պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք էր տեղադրվել: Նույն օրը` ժամը 11:05-ին, երբ նա նստել էր իր ավտոմեքենան, պայթուցիկ սարքը գործի էր դրվել և պայթել։ Տղամարդուն տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ ժամը 12:05-ին նա մահացել էր։
ՀՀ քննչական կոմիտեում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ «Թոխմախցի Յուրո» մականվամբ հայտնի 33-ամյա տղամարդը Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության շուրջ համաձայնություն է ձեռք բերել Երևանի 37-ամյա բնակչի և մի խումբ անձանց հետ: Արդյունքում, նրանք ձեռք բերված բջջային քարտերով, իրերով ու սարքավորումներով, պայթեցման ինքնաշեն սարքով իրականացրել են սպանությունը։
Քարակերտի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանությունից հետո 3 անձ է ձերբակալվել
Ժամը 04:22-ին «Թոխմախցի Յուրոն» իր հանցակցի հետ ինքնաշեն պայթեցման սարք են տեղադրել փողոցում կայանված «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի նստատեղի տակ: Իրենց զոհի տեղաշարժը հետևելու և նրա սպանությունն անվրեպ իրականացնելու նպատակով, նույն տնից 20 մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա սյան վրա ամրացրել են հեռավար տեսահսկման սարքը, հսկել են նրա տան մուտքի հատվածը:
2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ 36-ամյա տղամարդը դուրս է եկել տնից, շուրջ 100 մետր ընթանալուց հետո հանցավոր խմբի անդամները հեռակառավարման միջոցով գործարկել են տեղադրված պայթեցման սարքը: Արմավիրի մարզի 36-ամյա բնակիչը բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացել է:
Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
«Թոխմախցի Յուրո» մականվամբ հայտնի անձին և Երևանի 37-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին (Սպանություն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և մի խումբ անձանց կողմից), 335-րդ հոդվածի 2-րդ մասին (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հանցավոր խմբի ևս երեք անդամի մեղադրանք է ներկայացվել վերոնշյալ երկու անձանց կատարած հանցավոր արարքներին օժանդակելու համար:
Բոլոր մեղադրյալները կալանավորվել են: Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։