Մենք չենք լռելու. ՀՀԿ–ականները դատախազության մոտ ակցիա իրականացրին ի աջակցություն Աշոտյանի

ՀՀԿ–ականները դատախազության մոտ ակցիա իրականացրին
ՀՀԿ–ականները կոչ էին անում Աննա Վարդապետյանին գործիք չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրին ի աջակցություն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, որն այժմ կալանավորված է։
ՀՀԿ–ականների կարգախոսն է` «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»։
«Մենք չենք լռելու, պայքարում ենք և պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա մեր միջոցով խոսում է, և բոլոր այն գործիչները, որոնց դուք փորձում եք լռեցնել, սպանել` նրանց փոխարեն բարձրաձայնելու ենք իրականությունը, որը ձեզ է վերաբերում։ Տիկին դատախազ, խորհուրդ եմ տալիս ձեզ Նիկոլ Փաշինյանի ձեռքում չդառնալ գործիք, քանի որ նա դավադիր և ապազգային քայլեր է անում։ Վստահեցնում եմ` արդարությունը վերականգնվելու է»,– նշեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը` դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
ՀՀԿ–ական, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ շեշտեց, որ Փաշինյանի մոտ չի ստացվելու այնպես անել, որպեսզի Հայաստանը տեսնի առանց հայրենասերների։
Ակցիայի մասնակիցները նաև պարբերաբար վանկարկում էին` «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, մարդասպան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» և այլն։