Կիպրոսը Թուրքիայի դիրքորոշումը վճռորոշ է համարում կարգավորման գործընթացի վերսկսման համար

Կիպրոսի ԱԳՆ
Նիկոսիան և Աթենքը հանդես են գալիս Կիպրոսի վերամիավորման օգտին բացառապես ՄԱԿ-ի կողմից համաձայնեցված շրջանակներում՝ երկզոնալ ֆեդերացիայի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման գործընթացը մեկնարկել է, սակայն այն մեծապես կախված է Թուրքիայի դիրքորոշումից։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այս հայտարարությունն է արել հույն գործընկերոջ` Յորգոս Հերապետրիտիսի հետ բանակցություններից հետո:
Նշվում է, որ Հերապետրիտիսը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցն է կատարել Կիպրոս:

«Այսօր մենք վերահաստատեցինք մեր հայացքների միասնությունը, մեր ընդհանուր մոտեցումը և մեր հարաբերությունների գերազանց մակարդակը։ Մենք միասնական ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի համատեղ լուծմանն ուղղված մեր ջանքերի ամրապնդման գործում»,- ասել է Կոմբոսը։

Նրա խոսքով՝ գլխավորը Կիպրոսի խնդիրն է, որի լուծման հարցում Աթենքը միշտ եղել և մնում է Նիկոսիայի հենարանը:
«Մեր ընդհանուր տեսլականը շարունակում է մնալ Կիպրոսի վերամիավորումը բացառապես ՄԱԿ-ի կողմից համաձայնեցված շրջանակներում, երկզոնալ երկհամայնքային ֆեդերացիայի հիման վրա՝ քաղաքական հավասարությամբ, ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում»,-ասել է կիպրոսցի նախարարը:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ընդգծում են, որ երբեք երկատված որոշումներ չեն ընդունի։
«Մենք հատկապես կարևոր ենք համարում այս համատեքստում ԵՄ-ի ներդրման ամրապնդումը․ նրա ակտիվ մասնակցությունը ինչպես փակուղուց դուրս գալու հարցում, այնպես էլ բանակցություններում առաջնային նշանակություն ունի։ Արդիական են Եվրոպական խորհրդի վերջին եզրակացությունները։ Մենք նշում ենք, որ Կիպրոսի խնդիրը կրկին օրակարգի մաս է դարձել, և որ մեր մոտեցումը ճանաչվում և ընդունվում է»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Աթենքն ու Նիկոսիան մտահոգված են նաև Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի իրադարձությունների զարգացմամբ:
Կիպրոսը 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև։ Օկուպացվել է կղզու տարածքի 37%-ը, որը 1983 թվականին հռչակվել է որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Այն ճանաչել է միայն Թուրքիան։ Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցություններն ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ: Դրանք ընդհատվել էին 2017 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած հերթական փուլի ձախողումից հետո: