ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Իրանը լիիրավ անդամակցություն է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպություն։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նյու Դելիում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին։
«Անդամ երկրներն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՇՀԿ-ում որպես լիիրավ անդամ երկիր ընդունելու պատմական նշանակությունը», – նշվում է փաստաթղթի տեքստում։
Իրանը 2022 թվականի դեկտեմբերին Սամարղանդում կայացած ՇՀԿ նախորդ գագաթնաժողովին անդամ պետության կարգավիճակ ստանալու պարտավորությունների մասին հուշագիր էր ստարագրել։
Ինչպես նշել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի ընդունումը որպես լիիրավ անդամ, կբխի բոլոր շահագրգիռ կողմերի շահերից։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին` լիիրավ անդամ դառնալու համար: