Ինչպիսի՞ն կլինի այս տարվա հուլիսը Հայաստանում

Երևան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի վերաբերյալ կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այս տարվա հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը 1 աստիճանով նորմայից բարձր կլինի, տեղումների քանակը` նորմայից շատ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

Ըստ կանխատեսումների` ամռան երկրորդ ամսվա ընթացքում Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը 38–40 աստիճան տաքություն կլինի, նվազագույնը` 12–14 աստիճան։ Միջին ջերմաստիճանը կլինի 26–29 աստիճան տաքություն (նորման 25–28 աստիճանն է)։

Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 38-40, Կոտայքում`35-37, Արագածոտնում` 36-39, Շիրակի մարզում՝ 32-35, Գեղարքունիքում՝ 30-33, Տավուշում՝ 33-36, Լոռու մարզում՝ 30-32 աստիճան տաքություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հայտնում են նաև, որ հուլիսին կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։
Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիսի համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում են չոր և շոգ կլիմայական պայմաններ։
Երևանցիներն օդի փոխարեն փոշի՞ են շնչում. ի՞նչ վիճակ է ՀՀ–ում օդի աղտոտվածության առումով