ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը հուլիսի 2-ն խաթարվել էր սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը։
«Չնայած նրան, որ վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթում»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։
Նշվում է նաև, որ վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումի միջև։