ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ
ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավարը կետ առ կետ ներկայացրել է, թեվեհաժողովն ինչ կոչ է արել Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը, քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ, և կետ առ կետ ներկայացրել է դրանք.
Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին` դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,
Կոչ է անում Ադրբեջանին` միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,
Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,
Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,
Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։
Նշենք, որ հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում որոշում է կայացվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը անցկացնել Երևանում:
ԵԱՀԿ խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները: