Չընթերցված գրքերը վրեժ լուծել գիտեն. Մարկ Արենը` Հայաստանի խնդիրների պատճառների մասին

Մարկ Արեն
Հայերի պատմական հիշողությունը պետք է արտացոլվի ոչ միայն վեպերում կամ գիտական աշխատություններում։ Այն պետք է արտացոլվի նաև մեր առօրյա կյանքում։ Սակայն Երևանի փողոցներում տիրող բարքերը չի կարելի մեր անցյալին արժանի պատասխան համարել, կարծում է հայ գրողը։
Sputnik
Այս անգամ Sputnik Արմենիայի հյուրն է ժամանակակից հայ գրող, մասնագիտությամբ տնտեսագետ Մարկ Արենը (Կարեն Մարգարյան)։ 2003 թվականից նա աշխատում է Մոսկվայի Գլոբալ էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում, որը ներկայումս ղեկավարում է: 2006 թվականից Մոսկվայի Ֆինանսա-իրավական ակադեմիայի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի պրոֆեսոր է: ID բանկի տնօրենների խորհրդի անդամ է, տնտեսագիտության դոկտոր։ «Ռեքվիեմ Հուդայի», «Վիլլ Էվրար», «Տելեպորտացիա», «Ժառանգը», «987», «Քառյակ», «Անատոլիական պատմություն», «Սուրբ Ծննդյան հրեշտակ» վեպերի հեղինակն է:
-Վերջին շրջանում ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ, որոնց արդյունքում Ձեզ առաջարկեցին կինոյի, լրագրության և գովազդի ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Դա ձեզ համար անակնկա՞լ էր:
-Անակնկալ էր, քանի որ ինձ համար կինոն, գրականությունը հոբբիներ են, որոնցով ես զբաղվում եմ աշխատանքից ազատ ժամանակ։ Իմ հիմնական մասնագիտությունը տնտեսագիտությունն է։
- Ըստ ձեզ` ի՞նչ է նշանակում ազգային հիշողություն, ազգային ինքնություն և ազգային գաղափար:
-Սկսենք ազգային գաղափարից։ Երբ մարդը մահանում է, և նրա հոգին լքում է մարմինը, այդ մարմինը վերածվում է դիակի և սկսում քայքայվել: Երբ ժողովուրդը կորցնում է իր ազգային գաղափարը, այդ ժողովուրդը դառնում է բնակչություն և նույնպես սկսում է քայքայվել: Եվ, ցավոք, դա անխուսափելի է։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, ժողովուրդը պետք է իր ազգային գաղափարն ունենա։
Մեր ունեցած պատմական հիշողությունը չպետք է արտացոլվի միակն վեպերում կամ ինչ-որ գիտական աշխատանքներում։ Այն պետք է արտացոլվի նաև մեր առօրյա կյանքում։ Մենք շատ ենք խոսում մեր մշակույթի մասին, Հայաստանի հյուրերին պատմում ենք, որ երբ մյուս ժողովուրդները դեռ ծառերի վրա էին, մենք արդեն թատրոն ունեինք…
Նայեք Երևանի փողոցներին, թե ինչ բարքեր են այսօր տիրում։ Սա կարելի՞ է արժանի պատասխան համարել մեր անցյալին։ Միջնադարյան հայ պատմիչ և աստվածաբան Եղիշեն 5-րդ դարում գրել է. «Տվեք ինձ խելացի և կրթված մայրեր, և ես ձեզ կտամ խելացի և կրթված հասարակություն»:
-Ինչո՞ւ է այդպես լինում։ Ինչո՞ւ է այսօրվա իրավիճակում հայտնվել մի ժողովուրդ, որն իրավամբ կարող է հպարտանալ իր պատմությամբ, իր անցյալով։
-Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք։ Բայց պետք է խոստովանել, որ այդ հաղթանակը տարել է խորհրդային մարդը։ Այն հայը, որը դաստիարակվել էր խորհրդային հայրենասիրական գրականության, խորհրդային հայրենասիրական կինոյի ազդեցությամբ։ Իմ ընդդիմախոսներն ասում են. «Սպասիր, Ադրբեջանը նույնպես խորհրդային էր, և այնտեղ ապրում էին խորհրդային ադրբեջանցիներ, որոնք նույնպես խորհրդային ֆիլմեր էին դիտում և հայրենասիրական գրքեր էին կարդում»:
Ինչ է սպասում Հայաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին առաջիկայում. Դմիտրի Վոլվաչի հարցազրույցը
Ես պատասխանում եմ. «Այո, բայց մեծ տարբերություն կա, որը կայանում էր նրանում, թե ինչպես է ընկալվում կարդացածն ու տեսածը։ Եվ այդ տարբերության պատճառով հայ ժողովուրդն ավելի շատ զոհեր է տվել Երկրորդ համաշխարհային պատերազմում, քան ադրբեջանցի ժողովուրդը։ Որովհետև հայերը ավելի հայրենասիրական ոգով էին դաստիարակվում։ Եվ նրանց որդիները հաղթեցին Առաջին պատերազմում: Իսկ ի՞նչ են դիտել և ի՞նչ են կարդացել մեր երիտասարդները վերջին 30 տարում:
Եվ գիտեք, որ ազգը ծրագրավորվում է։ Մեզանից յուրաքանչյուրը ծրագրավորվում է: Դիտելով, կարդալով:
Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ` չկարդացված գրքերի և չսովորած դասերի վրեժն է։ Չընթերցված գրքերը կարողանում են վրեժ լուծել։
-Կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրավիճակն ամբողջ աշխարհում կտրուկ փոխվեց։ Տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Սակայն Հայաստանում քաղաքացիների մեծ մասն անտարբեր են վերաբերվում այդ ամենին` կորցնելով վտանգի զգացումն ու սեփական ժողովրդի պատմությունից դասեր քաղելու ունակությունը։ Ո՞րն է այդպիսի վերաբերմունքի պատճառը։
-Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ շատերի մոտ այսպիսի պատկերացում է ձևավորվել «Տվեք նրանց (թուրքերին խմբ.) այն, ինչ ուզում են և մեզանից հեռու կմնան»: Բայց այդպես չի լինի։ Դա անհնար է, քանի որ անհնար է պայմանավորվել նրանց հետ, ովքեր քո չլինելն են ուզում։
Շատերն են խոսում այն մասին, թե տեսեք, Ադրբեջանն ուժեղ էր, նրանք 30 տարի պատրաստվել էին պատերազմի։ Այո, պատրաստվել էին։ Իսկ մենք չէինք պատրաստվել։ Եթե ինչ-որ մեկը ծեծկռտուք է ունեցել հարևանի հետ, ապա հաղթած հարևանը պետք է աչալուրջ լինի։ Նա պետք է պատրաստ լինի, որ ծեծվածի երեխաներն անպայման վրեժ են լուծելու իր երեխաներից։ Եվ նա պետք է իր երեխաներին նախապատրաստի դրան։
Իսկ արդյո՞ք մենք պատրաստվել էինք, որ մեզնից վրեժ կլուծեն և կփորձեն ռևանշ վերցնել նախորդ պատերազմում կրած պարտության համար։ Եվ հարցն ամենևին էլ զենքի քանակը չէ։
Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ աֆղանցիներն իրենց երկրից վտարեցին ամերիկյան բանակին։ Երևի աշխարհում չկա ավելի հզոր բանակ, քան ամերիկյանը։ Ընդամենը մի քանի երկիր կա, որոնք կարող են հպարտանալ ուժեղ բանակով՝ գուցե Չինաստանը, Իսրայելը, գուցե Ռուսաստանը: Բայց աֆղանցիներին հաջողվեց այդ բանակը դուրս շպրտել իրենց երկրից։ Իսկ ո՞վ դա արեց: Եկեք հիշենք այդ կադրերը: 65 հազար մոջահեդներ էին։
Անհնար էր, որ թուրքը գար մոտ 6000 հայ բնակչության հետ ապրեր. Շուշիի նախկին քաղաքապետ
«Մոջահեդներ» ասելով պետք է հասկանալ, որ նրանք տնային հողաթափերով, տնային խալաթներով գյուղացիներ են, նրանց ձեռքի միակ զենքը Կալաշնիկովի ինքնաձիգն էր։ Իսկ նրանց ամենասարսափելի զենքը «ջիհադմոբիլն էր»՝ պիկապը, որի թափքում խոշոր տրամաչափի գնդացիր կամ փոքր տրամաչափի հրանոթ էր։ Դա նրանց համար և տանկ էր, և զրահամեքենա։
Բայց տնային հողաթափերով ու խալաթներով այդ 65 հազար գյուղացիները կարողացան վռնդել ամերիկյան բանակը։ Ամերիկյան բանակը փախավ երկրից՝ ինքնաթիռների շասսիներից բռնված, միայն թե փախչի։ Դրանից առաջ նրանք վռնդել էին խորհրդային բանակը։ Իսկ դրանից էլ առաջ՝ անգլիականը։ Ինչպե՞ս ստացվեց այդպես։ Այդ մարդիկ ազգային գաղափար ունեն։ Նրանք գիտեն, թե ինչի համար են կռվում։ Նրանք կռվում են, որպեսզի ապրեն այնպես, ինչպես ուզում են ապրել։ Որպեսզի ոչ ոք նրանց չթելադրի, թե ինչպես պետք է ապրեն իրենց երկրում։ Ահա թե ինչն է կարևոր։ Եվ եթե մենք կարողանանք դա հասկանալ, գուցե որոշ բաներ մեզ մոտ փոխվեն։
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ մեր հարևաններն ու մեր որոշ հայրենակիցներ փորձում են վերաձևել Ռուսաստանի հետ մեր ընդհանուր պատմությունը:
- 17-րդ դարի սկզբին, կարծեմ, 1603-1604 թթ.-ին, պարսից շահ Աբասը, օգտվելով Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմից, Պարսկաստան քշեց Անդրկովկասում բնակվող ողջ հայ բնակչությանը: Նա շինարարների, արհեստավորների, հողագործների, առևտրականների կարիք ուներ։ Լեռներում, ձորերում ու անտառներում երևի 10-15 հազար մարդ էր թաքնվել, որոնք չցանկացան ինքնակամ գերի գնալ։ Ի դեպ, բավականին շատ զոհեր են եղել այդ վերաբնակեցման ժամանակ։
Եվ այդ գերությունը տևեց մոտ 200 տարի, մինչև ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գեներալ Պասկևիչը, որի անունով փողոց կա Երևանում, հայերին վերադարձրեց Հայաստան։ Այդ ընթացքում, երբ մենք այստեղ չէինք ապրում, այդ տարածքները գրավեցին կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիները։ Տարածքն ազատ էր, եկան, գյուղեր հիմնեցին։ Եվ այն ադրբեջանական գյուղերը, որոնք խորհրդային տարիներին եղել են Հայաստանի տարածքում, հենց նույն հին գյուղերն էին, որոնք ստեղծվել են 17-19-րդ դարերում։
Որոշ չափով Ալիևը ճիշտ է, երբ կրկնում է. «դուք ընդամենը 200 տարի առաջ եկաք Անդրկովկաս»։ Բայց նա ստում է այն առումով, որ մենք ոչ թե եկել ենք, այլ վերադարձել։ Ավելի ճիշտ՝ մեզ վերադարձրել են։ Եվ դա բավականին մեծ տարբերություն է:
Աղետ կլինի, եթե կորցնենք ազդեցությունը Հայաստանում. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար
Գիտեք, ևս մի բան կուզեի ասել Արցախյան առաջին պատերազմի հետ կապված։ Ես ունեմ մի վեպ ունեմ, որը կոչվում է «Քառյակը»: Դրա հիման վրա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նկարահանվել է «Հանդիպման վայրը» սերիալը։ Եվ այս վեպում հերոսներից մեկը դպրոցն ավարտելուց հետո կամավոր մեկնում է պատերազմ։ Եվ ահա թե ինչպես է բացատրում իր որոշումը։
Նա իր ընկերներին, դասընկերներին ասում է. նախկինում, երբ հարևաններիցս մեկը մահանում էր, ամբողջ շենքը սգի մեջ էր լինում։ Իսկ հիմա ուրախանում ենք, երբ ինչ-որ մեկը մահանում է, որովհետև այդ օրերին շենքում հոսանք, ջուր են միացնում։ Մենք հնարավորություն ենք ստանում օգտվել տարրական կենցաղային հարմարություններից։ Լվացք ենք անում, ճաշ պատրաստում, հեռուստացույց դիտում, սպիտակեղենն ենք արդուկում: Ասում է՝ մենք վերածվում ենք կենդանիների: Ասում է՝ ուզում եմ պատերազմ գնալ, որ հաղթենք ու վերադառնանք մարդկային ճիշտ կյանքին: Դա էր պատերազմին մասնակցելու նրա նպատակը։ Որպեսզի մենք նորից ապրենք այնպես, ինչպես մարդիկ են ապրում, ոչ թե կենդանիները: Իսկ դա շատ կարևոր է։ Մենք շարունակեցինք մարդու նման ապրել, թե ոչ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի։
-Ի՞նչ նոր ստեղծագործություններով եք պատրաստվում ուրախացնել ձեր ընթերցողներին:
- Նախատեսում եմ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նվիրված պատմություն գրել։ Արդեն ուրվագծել եմ, թե ինչի մասին եմ գրելու։ Տեսնում եմ իմ հերոսին: Եվ հուսով եմ, որ շուտով կկարողանամ գրել այս պատմությունը: Ինձ թվում է, որ այս պատմությունը անսովոր պատմություն կլինի պատերազմի մասին: Նմանատիպ պատմություններ չեմ կարդացել ոչ մեր, ոչ համաշխարհային գրականության մեջ, քանի որ այս գրքում պատերազմին, հավանաբար, ընդամենը մեկուկես էջ նվիրված կլինի: Դա հետևանքների մասին գիրք կլինի, այն մասին, թե ինչ հետևանքներ է բերում պատերազմը։