ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանում 3198 վերելակ ենթակա է փոխարինման։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կառույցից հայտնում են, որ 2019 թվականից մինչև օրս մայրաքաղաքի շենքերում փոխարինված վերելակների ընդհանուր թիվը 1041 է։
Նշվում է, որ յուրաքանչյուր վերելակի տեղադրումը մասնագետներից խլում է 40 օր, իսկ աշխատանքը հատուկ ճշգրտությամբ է կատարվում։ Մեկ խցիկը կարող է պահել շուրջ 600 կգ քաշ ունեցող բեռ։
«Միաժամանակ ավելի քան 100 հասցեում տեղադրվում են վերելակներ։ Վերելակների խցիկները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դրանք հարմարավետ են նաև տեսողական խնդիրներով մարդկանց համար։ Ամբողջությամբ նոր վերելակները հագեցած են անվտանգության, ինչպես նաև հովացման համակարգերով: Վերելակները նաև էներգախնայող են և մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը»,– հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գերատեսչությունից նշում են նաև, որ էլեկտրականության անջատումների դեպքում գործելու է ժամանակակից համակարգ, որի շնորհիվ խցիկը չի կանգնի։ Այն կհասնի հաջորդ հարկ, իսկ դռներն ավտոմատ կերպով կբացվեն, որպեսզի մարդիկ դուրս գան։
Քաղաքային իշխանությունները 2023 թվականին նախատեսում են փոխել մոտ 700 վերելակ։