ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելը հնարավոր չէ։ Ի պատասխան ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինի հայտարարության այս մասին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն ասել է` հույս ունի, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելը հնարավոր է։ Քվինը շեշտել է` ԱՄՆ–ն համարում է, որ Ստեփանակերտ–Բաքու ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։
«Ես չգիտեմ` ինչ կոնտեքստում է ասել դեսպանը։ Չեմ ուզում հիմա որևէ մեկնաբանություն տալ, որովհետև առաջին անգամ եմ լսում, բայց այս պայմաններում ասել, որ Արցախը Ադրբեջան է,և հավատալ, որ նրանք կարող են հանգիստ կամ անվտանգ ապրել, ուղղակի դա թյուրիմացություն կլինի։ Նման հարցի քննարկումները պետք է բացառել։ Չի կարող այդպիսի բան լինի, Արցախը ինչո՞ւպետք է Ադրբեջանի կազմում լինել, ե՞րբ է եղել։ Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ չի եղել, ընդամենը եղել է սովետական շրջանում ինքնավար մարզով,և այդ շրջանը ինքը` Ադրբեջանը,սահմանադրությամբ չեղյալ և անօրեն է համարել»,–ասաց Օսկանյանը։
Իր «զինանոցում» նման հակափաստարկներ ունենալով Ադրբեջանի պահանջները կատարելու համար բանակցելը նախկին նախարարը դիվանագիտություն չի համարում, քանի որ տվյալ պարագայում դիվանագիտությամբ հնարավոր կլինի հրաշքներ գործել։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությանը, Օսկանյանի պնդմամբ` այն օրը, որ Արցախը կսկսի բանակցել Ադրբեջանի հետ, այդ պահից Արցախ գոյություն չի ունենա։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։