ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Պոբեդա» լոուքոսթերը («Աերոֆլոտի» խմբի մեջ է) ընդլայնել է դեպի Հայաստան թռիչքների տարածաշրջանային ծրագիրը: Այս մասին հայտնում է ավիափոխադրողը։
Նշվում է, որ հոկտեմբերի 29-ից այն կսկսի թռիչքներ իրականացնել Սոչիից Գյումրի։
«Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը կմեկնարկեն 2023 թվականի հոկտեմբերի 29-ին և կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերության պաշտոնական կայքում չվերթերի տոմսերի վաճառքն արդեն սկսվել է:
«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։