Երևանում աշխատանքներ են ընթանում Նուբարաշեն համայնքում գտնվող խոշորագույն աղբավայր տարվող թափոնների կրճատման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
Ներկայումս ամսական վերամշակվում է միջինում 55 տոննա աղբ, այսինքն՝ այդքանը աղբավայր չի հասնում։
Նուբարաշենի աղբավայրի փակման և տարածքի վերաօգտագործման հարցը քննարկվում է վերջին մի քանի տարիներին։ Նոր աղբավայրի կառուցման մեկնարկի մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը երեք անգամ հետաձգվել է։ Առայժմ քաղաքի ծայրամասում գտնվող աղբավայրը գործում է, ամառվա շրջանում այնտեղ անընդհատ հրդեհներ են բռնկվում, որոնք լուրջ վնաս են հասցնում Երևանի էկոլոգիային: Քաղաքային իշխանությունները միջանկյալ ուղիներ են փնտրում այնտեղ հայտնվող թափոնների ծավալը կրճատելու համար։
Քաղաքապետարանից հիշեցրեցին, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին կից Թափոնների տեսակավորման վարչությունը 2020 թվականից Երևանում իրականացնում է երեք տեսակի թափոնների՝ պլաստիկի, թղթի և ապակու տեսակավորում: Տեսակավորված թափոնները հետագա վերամշակման համար հանձնվում են այդ գործունեության մեջ մասնագիտացած ընկերություններին:
«Արդյունքում, ամսական միջինում ավելի քան 55 տոննա թափոն գնում է վերամշակման և չի հայտնվում աղբավայրերում։ Նախատեսված է ավելացնել Երևան քաղաքում հավաքվող վերամշակելի թափոնների տեսակը։ Կախված ընթացիկ աշխատանքներից և դրանց արդյունքների մոնիթորինգից՝ նախատեսում ենք վարչական շրջաններում հաջորդաբար իրականացնել ալյումինե տարաների թափոնների համար նախատեսված կարմիր թափոնամանների տեղադրում։ Այս տարի նախատեսված է նաև տեսակավորման կետերի ավելացում»,-նշեցին քաղաքապետարանում։
Մոտ ժամանակներս կներմուծվի պլաստիկի, ապակու և ստվարաթղթի թափոնների համար նախատեսված տարաների խմբաքանակ, ինչպես նաև ապակու տարաների սպասարկման երկու մեքենա:
Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրի փակման և նոր աղբավայրի կառուցման հարցին, քաղաքապետարանից հայտնեցին, որ ներկայումս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդատուն ներկայացրել է տեխնիկատնտեսական վերլուծություն՝ աղբավայրի մի քանի տարբերակներով:
Երբ մայրաքաղաքի իշխանություններն ընտրեն ապագա աղբավայրի տարբերակը՝ գործնական հարթություն կանցնեն։ Մասնավորապես, ապագա աղբավայրի ծրագրի նախագծումը կտևի մոտ մեկ տարի։ Այնուհետև պետք է ընտրվի մրցույթի հաղթողը, որից հետո կսկսվի շինարարությունը, որը, ըստ ծրագրի, կտևի երկու տարի:
Ընդ որում, նոր աղբավայրն արմատապես տարբերվելու է գործողից։ Դրա տարածքում նախատեսվում է կառուցել գրասենյակ, լաբորատորիա, շահագործման ճանապարհներ, ավտոմեքենաների անվադողերի մաքրման կայան, բենզալցակայան։ Աղբավայրի տարածքը պարսպապատվելու է, կառուցվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդակցությունները։
Աղբավայրն ունենալու է եռաշերտ գեոմեմբրան (ցելոֆանե ծածկույթ, որը ծածկվում է քարերով և կավի շերտով, այն կպաշտպանի հողը կեղտաջրերից- խմբ.): Բացի այդ, աղբավայրն ամեն օր ծածկվելու է հողով, որպեսզի հետագայում հրդեհներ չառաջանան, դրան կից կառուցվելու է նաև ցեխաջրերի հավաքման կայան:
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը շահագործման է հանձնվել 1950-ականներին։ Այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա, տարածքը կազմում է 52,3 հա։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այստեղ օրական միջին հաշվով 1000-1200 տոննա (տարեկան 365-440 հազար տոննա) կենցաղային և այլ աղբ է հասնում այնտեղ։
Կենցաղային աղբը չի տեսակավորվում և չի վերամշակվում, այլ խտացվում և չեզոքացվում է՝ ծածկում են հողի շերտով: Միակ «տեսակավորումը», եթե կարելի է այդպես անվանել, իրականացնում են մարդիկ, որոնց համար աղբի մեջ պետքական բան փնտրելը գումար վաստակելու միակ հնարավոր ձևն է։