ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Իրանական կողմը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը։ Այս մասին ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է»,-ասել է դեսպանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Իրանի՝ առաքելությունն ավարտող դեսպանի հետ
© Photo : official site of MESCS of RA
Նա վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Իրանի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում պարսկերենի ուսուցման խորացման ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում պարսկերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: