ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի Հայաստանում Ռուսաստանի առաջարկած 1200 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ–ի նախագծի իրականացման նպատակահարմարությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այն ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Խումբն ուսումնասիրում է միջազգային փորձը։
«Առայժմ մենք ուսումնասիրել ենք ռուսական փորձը, աշխտանքներ ենք տարել «Ռոսատոմի» հետ։ Հիմա աշխատանքներ ենք տանում տարբեր երկրների հետ։ Դիզայնը կարող է լինել ամերիկյան, կորեական, ֆրանսիական։ Զուգահեռ բոլորի հետ աշխատում ենք, որպեսզի ընտրություն կատարենք էներգաբլոկների միջև։ Կարևոր է, որպեսզի լինի ժամանակակից և տնտեսապես հիմնավորված»,– նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` ամենակարևոր բաղադրիչը լինելու է անվտանգությունը։ ԱԷԿ–ի գլխավոր տնօրենի պնդմամբ` նոր կայանը պետք է 100 տարի աշխատի։ Ռուսական տարբերակը ենթադրում է, որ կայանի աշխատանքը կարող է 60 տարի ժամկետով լինել` 2 անգամ 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ դեպքում խոսքը 1200 Մվտ հզորությամբ կայանի մասին է։
«Պետք է հասկանալ, թե ինչ հզորություն կլինի 40-60 տարի հետո։ Գործող ռեակտորի հզորությունը 440 ՄՎտ է և դա, կարծես թե, բավարար է։ Այնուամենայնիվ, չի կարող պետության բոլոր կարիքներն ապահովել միայն ԱԷԿ–ը, այլ հզորություններ էլ պետք է լինեն»,– ասաց Մարտիրոսյանը։
Նա շեշտեց, որ անվտանգության տեսանկյունից նպատակահարմար է, որպեսզի ատոմակայանը մատակարարի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը։ Մարտիրոսյանը նշեց, որ միջգերատեսչական խումբը ստեղծվել է համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրություններ իրականացնելու համար։
Ավելի վաղ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանն ասել էր, որ Հայաստանում նոր ատոմակայանների շարքում լավագույնս մշակվել է խոշոր հզորության ռուսական բլոկի նախագիծը (1000-1200 մեգավատ)։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել Է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը:
Այս տարի կառավարությունը որոշում կայացրեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը կրկին երկարացվի մինչև 2036 թվականը: Զուգահեռաբար քննարկվում է նոր կայանի կառուցման հարցը։