ՀՀ նախագահը Ամերիկայի հայկական համագումարի անդամների հետ քննարկել է անվտանգային հարցեր

ՀՀ նախագահը Ամերիկայի հայկական համագումարի անդամների հետ քննարկել է անվտանգային հարցեր
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:
Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:
Խաչատուրյանի խոսքով՝ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը նախագահը շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելակետից և հավատարիմ է այդ մոտեցմանը:
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների: