ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի ատոմային էլեկտրակայանն (ԱԷԿ) անվտանգ է աշխատում, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն էլ պարբերաբար ստուգայցեր են իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` արձագանքելով Թուրքիայից և Ադրբեջանից հնչող «անհանգստություններին»։
Մասնավորապես Բաքուն պարբերաբար բարձրացնում է հայկական ԱԷԿ–ը փակելու հարցը։ Դեռ 2021 թվականի ապրիլին Ադրբեջանը Եվրանեսթի ԽՎ–ում–ում հայտարարել էր, որ ՀԱԷԿ–ն անվտանգ չէ, սակայն ԽՎ–ի մակարդակով փաստվել էր, որ այդ կառույցն անվտանգության խնդիր չունի։
«Հայկական ԱԷԿ–ն անվտանգ է աշխատում և համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Բացի ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներից, այնտեղ ուսումնասիրություններ են իրականացնում նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները։ Ատոմակայանը պարբերաբար արդիականացվում է։ Աշխատանքներ ենք տանում, և շահագործման ժամկետի առաջին փուլում անվտանգության համապատասխան համակարգերը ներդրվել են, շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլում էլ դրանք կներդրվեն»,– ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է փոքր թերություններին, ապա ԱԷԿ գլխավոր տնօրենը նշեց, որ դրանք լինում են կայաններում, բայց արագ շտկվում են։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը: