ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սփյուռքահայ ուսուցիչների 2023 թվականի վերապատրաստման ծրագրին մասնակցում է 60 ուսուցիչ՝ 18 երկրից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 29-ը:
Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ իրենք առանձնակի կարևորում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը` Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում։
Մեկամսյա վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած հետևյալ 7 ծրագրով՝
Ուսուցում մանկապարտեզում
Ուսուցում մեկօրյա դպրոցում
Տարրական ուսուցում
Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
Պարարվեստ
Տնօրենների վերապատրաստում
«Նախարարության գերակա ուղղություններից են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ և արդյունավետ կրթության կազմակերպումը։ Կարևոր է նաև օտարերկրյա պետություններում հայերենի գրավչության բարձրացումը, հայկական մշակույթի և ավանդույթների հանրահռչակումը»,– ասել է Անդրեասյանը` ուսուցիչներին մաղթելով հաջող ընթացք։
Նախարարն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թ պետական ծրագրին»՝ ընդգծելով սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման խնդիրը։ Անդրեասյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար առանցքային նպատակներից է սփյուռքի համար սփյուռքում գործող հայկական կրթօջախները Հայաստանի կրթական համակարգին ինտեգրումը, հայալեզու տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարների համալրումը, սփյուռքում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման մեխանիզմների ստեղծումը:
Նախարարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը մեկ անգամ ևս բոլորին կհամախմբի ընդհանուր նպատակների շուրջ՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ:
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր։