Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների կազմում գործող քաղաքականության մշակման և պլանավորման վարչությունների հիմնական գործառույթներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
Սաֆարյանը հնդկական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին շրջանում և առ այսօր իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը։