Երևան-Բաթում-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

Երևան–Բաթում գնացք
Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավորապես կմեկնի մինչև Թբիլիսի։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը` նշելով, որ հունիսի 2-ի ուղերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի ուղևորները (շուրջ 200 մարդ) ընկերության հաշվին ավտոբուսներով են տեղափոխվել Բաթում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումի միջև։ Երևան-Բաթում-Երևան երթուղու փոփոխությունը պայմանավորված է այդ հանգամանքով։
«Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասված է ՀԿԵ–ի հաղորդագրությունում։
Ընկերությունը խոստանում է կատարել իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։
Հիշեցնենք` «Վրացական երկաթուղիներ» ընկերությունն արդեն հայտարարել է, որ երկաթուղային գծերն ամբողջությամբ մաքրվել են հուլիսի 1-ին Մարելիսի կայարանում տեղի ունեցած սողանքից: Կոնտակտային գծերը վերականգնվել են։ Գնացքների երթևեկությունը կվերականգնվի այսօր` ժամը 17:00-ին։