ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ որոշում կկայացնի ԵԱՏՄ անդամ հինգ երկրների հետ միասին ունենալու էլեկտրոնային անձնագրերի ընդհանուր հարթակ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Նիստումքննարկվում էր ԵԱՏՄ երկրներում թվային տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման հեռանկարները։
«Հույս ունենք, որ կառավարության մյուս շաբաթվա նիստում կընդունվի այդ որոշումը։ Օրինակ` ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերն արդեն կլինեն միասնական բոլոր հինգ երկրների համար։ Այդ ճանապարհով գնում ենք։Կան դժվարություններ, սակայն կարծում ենք, որ կհաղթահարենք»,– նշեց փոխնախարարը։
Ըստ նրա` այս պահին ընդհանուր առմամբ ունեն թվայնացման 71 գործընթաց, որից 51–ն ընթացքի մեջ է։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ասաց, որ թվայնացման մակարդակով այս պահին ամենաբարձր մակարդակում Ռուսաստանն է, քանի որ բազմաթիվ գործառույթներ այստեղ արդեն թվայնացված են, և քաղաքացիներն իրենց խնդրիների լուծման համար գրեթե կարիք չունեն այցելելու պետական կառույցներ։
«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու այդ մակարդակին հասնելու համար։ Թվայնացման ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում մենք հիմա ակտիվ համագործակցություն ենք ծավալում։ Մի քանի հարթակ արդեն կա, որ ինտեգրված է։ Օրինակ` միասնական աշխատանքի հարթակը»,– վստահեցրեց նախարարը։
Ըստ նրա` վերջնական արդյունքից դեռ շատ ենք հեռու, սակայն կա ձգտում` արագ հասնելու նպատակին։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։