ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդում նիստի ընթացքում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվում, իսկ Հայաստանի ժուռնալիստների միությունն (ՀԺՄ) արդեն դատապարտել է տեղի ունեցածը։
Նշենք, որ այսօր դատական խորհրդում քննվում էր արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունները։ Նիստում որոշվել է մի խումբ դատավորների լիազորությունները դադարեցնել։
Բանն այն է, որ նախապես հայտարարվել էր` այդ նիստերը դռնբաց են լինելու, բայց լրագրողները չեն կարողացել ներս մտնել և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմում տեղի ունեցածի վերաբերյալ նաև մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում է իրականացնում` դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։
«Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ։ Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԺՄ–ից էլ նշում են, որ լրագրողների աշխատանքին միտումնավոր և առանց բավարար հիմքերի են խոչընդոտել։
«Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա: Նիստերի դահլիճում տեղ չի եղել, սակայն լրագրողները համաձայն են եղել կանգնած լուսաբանել նիստը»,– հայտնում են Ժուռնալիստների միությունից։
Ընդգծում են, որ առաջիկայում միությունը պատրաստվում է դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` ԲԴԽ–ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ։