Վերջին մեկ տարում ՀՀ–ում քանի՞ դատապարտյալ է ազատ արձակվել. ԱՆ–ն տվյալներ է ներկայացրել

ՔԿՀ
Պրոբացիայի ծառայության շահառուների թիվն այս պահին 3989 է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում կա 1364 կալանավորված անձ և 1095 դատապարտյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 138 դատապարտյալ», – նշել են գերատեսչությունում։
ԱՆ–ից տեղեկացրել են նաև, որ 2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ պրոբացիայի ծառայության շահառուների թիվը կազմում է 3989:
Նախարարությունում դեռ չգիտեն, թե երբ կփակվի «Նուբարաշեն» ՔԿՀ–ն , քանի որ դա կախված է նոր շենքի կառուցման աշխատանքներից։ Նրանք հիշեցրել են, որ 2021 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 15.4. կետով նախատեսվում է Երևան քաղաքի տարածքում 2025 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակին կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր քրեակատարողական հիմնարկ՝ ընդգրկելով նաև ստացիոնար հիվանդանոց:
«Աբովյան» ՔԿՀ–ում վերանորոգումն ընթանում է մեծ թափով. ՄԻՊ–ի հայտարարության հետքերով
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱՆ–ի` «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները փակելու մասին նախագծին։ Նախատեսվում է փակել նաև «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները: Դրանց փոխարեն կառավարությունը մտադիր է 1200 տեղանոց նոր ՔԿՀ կառուցել։
Այժմ ՔԿՀ-ներում կալանավորվածների և ձերբակալածների համար 5346 տեղ կա։
Երբեմն մենք փրկօղակ ենք իրենց համար. հոգեբանը պատմել է ՔԿՀ-ում պահվող անչափահասների մասին