ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ կապ չի հաստատել: Այս մասին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությանը, գրել էին, որ Սիմոնյանը կապ չի հաստատում ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
«Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,–գրել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել:
«Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:Այդպես էլ չզանգեցին»,–գրել է Սիմոնյանը:
Նա Մետաքսե Հակոբյանին առաջարկել է զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել իրենց հարաբերությունների մեջ: