Մեքսիկացի քաղաքապետն «ամուսնացել է» կոկորդիլոսի հետ

Մեքսիկացի քաղաքապետն «ամուսնացել է » կոկորդիլոսի հետ
Նման անսովոր «ամուսնության» նպատակը աստվածներին նվեր մատուցելն է, որպեսզի նրանք քաղաքում անձրևներ, լավ բերք, խաղաղություն և հանգստություն ապահովեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մեքսիկայի Օախակա նահանգի Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Ուգո Սոսան հաջողություն բերող ավանդական ծիսակարգի շրջանակներում «ամուսնացել է» կոկորդիլոսի հետ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Մեքսիկայի հարավում գտնվող փոքրիկ քաղաքի քաղաքապետը ավանդական ծիսակարգի շրջանակներում սուրբ ամուսնություն է կնքել էգ սողունի հետ, որը կոչված է հաջողություն բերել նրա ժողովրդին», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նման անսովոր «ամուսնության» նպատակը աստվածներին նվեր մատուցելն է, որպեսզի նրանք քաղաքում անձրևներ, լավ բերք, խաղաղություն և հանգստություն ապահովեն:
Հարսանիքից առաջ « հարսնացուի» բերանը կապել են պարանով, որպեսզի արարողության մասնակիցներից ոչ մեկը չտուժի։ Կոկորդիլոսը ստացել է նաև «Ալիսիա Ադրիանա» անունը։
«Ես պատասխանատվություն եմ ստանձնում, քանի որ մենք սիրում ենք իրար։ Ահա թե ինչն է կարևոր: Առանց սիրո չի կարող լինել ամուսնություն... Ես համաձայն եմ ամուսնանալ արքայադստեր հետ»,-ասել է քաղաքապետը ։
Հավելենք, որ այդ վայրերում կոկորդիլոսները խորհրդանշում են ջուր և հաջող ձկնորսություն, ինչը բնակիչների համար սննդի հիմնական աղբյուրն է: