ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շվեդիայում Ղուրանի այրման ակցիայից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը սառեցրել է իր վերջերս նշանակված դեսպան Խոջաթոլու Ֆոհանիին Ստոկհոլմ ուղարկելու գործընթացը, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ չնայած ԻԻՀ նոր դեսպանին Շվեդիա ուղարկելու վարչարարական միջոցառումների ավարտին՝, Իրանի արտգործնախարարությունը հիմա մտադիր չէ նրան Ստոկհոլմ ուղարկել։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը ևս հաստատել է, որ Թեհրանն իր նոր դեսպանին Շվեդիա չի ուղարկի՝ այդ երկրում Ղուրանը պղծելու պատճառով։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Շվեդիայի գործերի հավատարմատարին ու բողոք հայտնել։
Հիշեցնենք՝ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել էր հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամ տոնի առաջին օրը, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրան այրելու բողոքի ակցիա անցկացնել։ Վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել էր, որ ոստիկանության որոշումը օրինական է, բայց ոչ տեղին: Նույն օրը տղամարդը, որը ենթադրաբար իրաքցի է, Ղուրանից էջեր էր պոկել և հրկիզել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան հետևել էր մոտ 200 մարդ, ոմանք ի նշան բողոքի բղավել էին «Աստված մեծ է»։
Ստոկհոլմում Ղուրանի այրումն ու պղծումը մեծ արձագանք է ստացել մի շարք երկրներում։ Իրաքը Շվեդիայի իշխանություններից պահանջել է արտահանձնել ակցիան իրականացրած ներգաղթյալին՝ նրա նկատմամբ դատավարություն անցկացնելու համար, միևնույն ժամանակ տասնյակ իրաքցիներ բողոքի ցույց են կազմակերպել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ։