ՀՀ–ն մեծ ակնկալիքով սպասում է Իսպանիայի հետ համագործակցությանը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ շենքը
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանը մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը, տարածաշրջանային կայունությանն ու կայուն զարգացմանը նպաստելուն, և այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։
Նշենք, որ ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնած Իսպանիան հայտարարել է, կազմակերպելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերին, որի ժամանակ կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։