ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Երևանում Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը նոր ազդակ կհանդիսանա հայ–կանադական հարաբերությունների համար։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ հղած ուղերձում։
«Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։
Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Կանադան որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Փաշինյանն ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Թրյուդոյին ու Կանադայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարօրություն և շարունակական առաջընթաց։