Ջրափրկարարական ջոկատը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու Սևանի հանրային լողափերում

Սևանա լիճ
Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, լողասեզոնի բացմամբ պայմանավորված, հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին ծավալվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։
Լողալու համար անվտանգ և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։
Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Միաժամանակ բարձրախոսերով իրականացվելու են քաղաքացիների իրազեկման աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Ջրային պարեկների վաշտը կազմված է լինելու 95 անձից, արդեն քննություն են հանձնում. Ղազարյան