Ջեյմս Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին ներկայացրել են անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի պատմությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Նրանք ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին է ներկայացրել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները։ Նա նշել է, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Օ’Բրայենը գրառում է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Օ’Բրայենը գրառում է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հիշեցնենք` հունիսի 29-ին Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զրուցակիցներն անդրադարձել էին տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի: