Ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվի ՊՊԾ–ն. Փաշինյանը ներկայացրել է իր բանաձևը

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսել է Պետական պահպանության ծառայության աշխատանքի նուրբ եզրերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Պետական պահպանության ծառայությունն ունի լուրջ պատասխանատվություն՝ երկրում անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի և իրավակարգի պաշտպանության տեսակետից: Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, քանի որ այն վերածվել է վարչապետին ենթակա մարմնի:
«Եվ այս առումով, իհարկե, պիտի ընդգծեմ, որ փոփոխությունն իրականացնելիս ցանկանում ենք ուժեղացնել, ընդգծել ծառայության լավագույն ավանդույթները և փորձել դուրս բերել աշխատանքում տեղ գտած թերությունները: Իհարկե, մեր նպատակն է, որ ծառայությունը գնալով ավելի ու ավելի ուժեղանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության»,– ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ չնայած ՊՊԾ–ն աշխատում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս, բայց այդ աշխատանքի ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար։
«Ես ընդհանրապես այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված։ Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,– ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է:
Նա խոսել է նաև ծառայությունում կանանց ներգրավման մասին ու շեշտել, որ նպատակ կա ավելացնել զինծառայության, մարտական բնույթի ծառայության, թիկնապահական ծառայության մեջ կանանց ներգրավվածությունը։
«Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ պատկերացրեք՝ մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ»,– ասել է նա։
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան