ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (արդարադատության գեներալ–մայոր) է շնորհել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանն այսօր մասնակցել է ՀՀ դատախազության հիմնադրամն 105-ամյակին նվիրված համաժողովին: Միջոցառման ընթացքում հրապարակվել են նրա հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:
Ըստ այդ հրամանագրերի` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն են ստացել նաև զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է նաև դատախազության մի շարք աշխատակիցների։
«Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը»,– ասել է նախագահն իր ելույթում։
Նրա խոսքով` վերջին տարիներին երկրում ընթացքող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը: