ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում հունիսի 1-ից դե ֆակտո սկսել է գործել սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին կից հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը: Ու թեև դրա պաշտոնական բացումը սպասվում է այս ամիս միայն, կենտրոնն արդեն բազմաթիվ հայտեր ու դիմումներ է ստացել սփյուռքի ներկայացուցիչներից և հայրենադարձներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի հանձնակատարի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Կենտրոնը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում։ 200 քմ մակերեսով տարածքը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով: Դրա հիմնական գործառույթը աշխարհի տարբեր երկրներից հայերի հայրենադարձության գործընթացի դյուրացումն է։ Աշխատակիցները քաղաքացիների հետ աշխատում են ինչպես տեղում, այնպես էլ հեռավար: Քննարկումներ են ընթանում խնդիրներն արձանագրելու և կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս կառույցի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություններ հավաքել հայրենադարձների թվի մասին։
«Մի քանի տասնյակ հայրենակիցներ արդեն ֆիզիկապես այցելել են կենտրոն, բազմաթիվ զանգեր են ստացվել, պաշտոնական բացումից հետո դիմումների զգալի աճ են կանխատեսում»,-ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ամեն ամիս օգնության և խորհրդատվության համար սփյուռքի գործերի գրասենյակ է դիմում միջինում 400-500 հայրենակից: Առավել արդիական հարցերի թվում են երեխային մանկապարտեզում, դպրոցում տեղավորելը, առողջապահական հարցերը, քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու կարգը, այլ երկրից ՀՀ անձնական բեռ տեղափոխելու պայմանները:
Միևնույն ժամանակ, ամենասուր խնդիրները շարունակում են մնալ աշխատանքի տեղավորման և բնակարան ձեռք բերելու հարցերը։ Այս հարցում հայրենակիցներին օգնում է Կենտրոնի և գրասենյակի թիմը։ Նրանք փորձում են հարցը լուծել դեռ ապագա հայրենադարձի հետ հարցազրույցի ժամանակ, հասկանալ, թե նա որտեղ է պատրաստվում ապրել, որ ոլորտում է մտադիր աշխատել։ Անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ խորհրդակցություն է պահանջվում, կենտրոնը դիմում է պետական մարմինների օգնությանը։ Մասնագետը նշեց, որ հայրենադարձության ողջ գործընթացը բաժանվում է երեք փուլի․ նախահայրենադարձման շրջան, հայրենադարձություն և ինտեգրում, որը տևում է 6 ամսից մինչև երկու տարի:
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակն այդ նպատակով կազմակերպում է հայերենի ուսուցման եռամսյա անվճար դասընթացներ: Խմբերը բաժանվում են ըստ լեզվի իմացության մակարդակի:
Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին հայրենադարձության աշխարհագրությունը փոխվել է. եթե նախկինում ժամանողների մեծ մասը Սիրիայից և Լիբանանից էին, ապա 2021 թվականից ամենաշատ հայտերը ստացվում են ՌԴ-ից:
Նա հիշեցրեց, որ 2022 թվականին ավելի քան 25 հազար հայրենակից է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ավելի քան 19 հազարը անձնագրեր են ստացել։ Ալեքսանյանը կարծում է, որ դինամիկան կպահպանվի նաև ընթացիկ տարում։ Մասնագետը նշեց, որ Հայաստանը հայրենադարձության որոշակի փորձ ունի, սակայն ամեն ինչ չէ, որ կախված է երկրում և նրա շուրջ զարգացող իրադարձություններից: Նա կարևոր է համարում այդ ուղղությամբ ներդրումները։
Այս փուլում վերջինը Լիբանանից մի ընտանիք է հայրենադարձվել Հայաստան, աշխատանքներ են տարվում Թուրքիայից մի ամուսնական զույգի հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2022 թվականին սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը հայրենադարձության 8000 հայտ էր ստացել։ Առաջին անգամ կազմակերպվել էր հայոց լեզվի դասընթաց, մասնակիցների թիվը հասել էր 240-ի: