«Աննախադեպ իրադարձություն է». Փաշինյանը` նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին

Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 4400 դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվազագույն կենսաթոշակի բարձրացումն աննախադեպ իրադարձություն է համարում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանը նշել է, որ այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ծախսում են անկանխիկ և օգտվում են 10 տոկոսի չափով հետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար:
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակ ստանում է կենսաթոշակառուների միայն 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ): Մյուս՝ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից ավելի բարձր է, և հուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նույնպես կբարձրանա»,– գրել է ՀՀ վարչապետը:
Նա ընդգծել է, որ 2018 թվականին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ:
Կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյան