Ոստիկանության բաժիններում տեսախցիկներ չկան. Բաբայանը` փաստաբաններին ծեծի ենթարկելու մասին

Սիմոն Բաբայան
Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ իրենք տարբեր բողոքի ակցիաներ են արել, և ընդգծեց` միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են դատաիրավական համակարգը, պետք է առնվազն հետևեն իրենց ֆինանսավորման արդյունքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության բաժանմունքները պետք է տեսախցիկներով կահավորված լինեն բռնության դեպքերը նվազեցնելու համար։ Այսօր ԱԺ–ում «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ Փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
«Ոստիկանական համակարգը բարեփոխելու համար որոշ միջազգային կառույցներ լուրջ ֆինանսական միջոցներ են տրամադրել։ Դետալների մեջ չեմ մտնում, բայց այսօր մեր ոստիկանական բաժանմունքները պետք է կահավորված լինեն տեսախցիկներով, սակայն դրանք բացակայում են։ Շատ տարակուսելի է, մանավանդ այն պայմաններում, երբ համապատասխան ֆինանսավորումն առկա է եղել։ Մեր բողոքն այն է, որ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են և աջակցում են մեր դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելուն, առնվազն պետք է հետևեն դրա արդյունքին։ Արդյունքն էլ այն է, որ փաստաբանների են ծեծում»,– նշեց Բաբայանը։
Նա կոչ արեց չթուլացնել փաստաբանական ինստիտուտը, քանի որ անգամ ոստիկաններն ունեն իրենց կարիքը։
Հիշեցնենք, որ փաստաբանները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին բարձրաձայնելու և դրանք կանխելու նպատակով։