Ծխախոտի միատեսակ փաթեթավորմամբ նախարարությունը նպատակ ունի 2024 թ նվազեցնել ծխողների թիվը

Միջոցառումների արդյունքում ակնկալվում է 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ծխախոտի միատեսակ փաթեթավորմամբ նախարարությունը նպատակ ունի 2024 թ նվազեցնել ծխողների թիվը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ծխախոտի օգտագործումը Հայաստանում մնում է «համաճարակ», որի ռիսկով պայմանավորված տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հիշեցնում են, որ 2024 թվականից ուժի մեջ կմտնի ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված հերթական միջոցառումը` ծխախոտի միատեսակ/պարզ փաթեթավորման կարգը:
Նպատակն է պարզ փաթեթավորմամբ, փաթեթավորման վրա լոգոների, գույների, ապրանքանիշի պատկերների կամ գովազդային տեղեկատվության արգելքի միջոցով նվազեցնել ծխողների թիվը:
Միջոցառումների արդյունքում ակնկալվում է 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում:
Փորձի փոխանակման նպատակով` Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է ԵԱՏՄ երկրների համար տեխնիկական սեմինար: Միության երկրներում գործում է ծխախոտի փաթեթավորման և մակնշման միատեսակ կարգ, ուստի այդ կարգավորման համար նույնպես անրաժեշտ է միասնական դիրքորոշում:
Հիշեցնենք, որ 2024 թ հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։ Այդպես է նախատեսված 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով։