«Թիմում հիանալի մթնոլորտ է». Նաիր Տիկնիզյանը` Հայաստանի հավաքականի և իր առաջին գոլի մասին

Նաիր Տիկնիզյան
Տիկնիզյանն առաջին անգամ խոսել է եվրոպական առաջնության ընտրական փուլի շրջանակում իր համար հիշարժան խաղի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը միանգամից չի գիտակցել, որ առաջին գոլն է խփել ազգային թիմում։ Ֆուտբոլիստն այդ մասին ասել է Մոսկվայի ակումբի մամուլի ծառայությանը։
«Հրաշալի մթնոլորտ էր Հայաստանի հավաքականում։ Իմ առաջին հույզերի մասին կարող եմ ասել, որ առաջին երկու օրը մինչև վերջ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել։ Միայն երրորդ օրը եկավ գիտակցումը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին գոլս եմ խփել Հայաստանի հավաքականում», – ասել է նա։
Տիկնիզյանն ավելացրել է, որ հիմա կենտրոնացած է «Լոկոմոտիվում» արդյունքներ ունենալու վրա։
Հիշեցնենք` Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը տարբեր մրցաշարերում 28 հանդիպում է անցկացրել: Նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (21 տարեկանից ոչ բարձր) և դրա կազմում խաղացել 7 հանդիպումներում։
Մարտի սկզբին Տիկնիզյանը ՀՀ անձնագիր ստացավ և իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի թիմում։