ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Թերսնված են այն մարդիկ, որոնք ոչ թե քիչ, այլ սխալ են սնվում, օգտագործում չբալանսավորված, անառողջ սնունդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդի խորհրդատու Գայանե Շախհաթունին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը պարենային անվտանգության եռամյա ռազմավարություն է մշակել, քանի որ ըստ պարենի համաշխարհային ծրագրի` ՀՀ բնակչության 25-35 տոկոսը թերսնվում է։
«Հայերիս սննդակարգում գերակշռում են հացաբուլկեղենը, շաքարավազով պատրաստված մթերքը, որոնցից մարդու օրգանիզմը բավարար քանակի վիտամիններ, հանքանյութեր չի ստանում։ Արդյունքում բացակայում են այն նյութերը, որոնք իրականում մեր օրգանիզմին պետք են։ Եթե գրագետ չես սնվում, ապա, ըստ էության, թերսնված ես»,– նկատում է Գայանե Շախհաթունին։
Սննդի խորհրդատուն ընդգծում է` թերսնում` չի նշանակում սոված մնալ։ Դա են, ըստ նրա, վկայում նաև մեզանում բավականին մեծ թիվ կազմող գեր մարդիկ։
Գայանե Շախհաթունին խորհուրդ է տալիս ուշադիր լինել, թե օրգանիզմը հատկապես որ նյութերի կարիքն ունի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է պարբերաբար անալիզներ հանձնել` հասկանալու համար, օրինակ` արդյոք վիտամին Դ, Ե կամ Բ խմբի վիտամինների պակաս կա, թե ոչ։
«Եթե այս վիտամինները չկան, ուրեմն, այո՛, մարդը թերսնված է»,– վստահեցնում է նա։
Թերսնված չլինելու համար, ըստ սննդի խորհրդատուի, մարդը պետք է շատ օգտագործի թարմ բանջարեղեն` չտապակած, չխաշած, որը պետք է կազմի օրվա սննդի մոտ 60 տոկոսը. այն մարդուն պահում է առողջ, օրգանիզմը չի ծերացնում, ճարպակալման չի հասցնում։
Ի տարբերություն բանջարեղենի, պարզվում է, չպետք է չարաշահել միրգը։ Առողջապահական ստանդարտներով, ըստ մասնագետի, մրգի մեջ ածխաջրերն ու գլյուկոզան շատ են։ Մրգերից մեծ քանակությամբ կարելի է ուտել հատապտուղներ միայն։
Բացի այդ, օրգանիզմի ճիշտ և առողջ սննդի համար, ըստ Գայանե Շախհաթունու, շատ կարևոր են սպիտակուցները, որոնք բացի մսից, կան նաև ձվի, կաթնամթերքի մեջ։ Դրանք մասամբ յուղոտ պետք է լինեն, քանի որ սպիտակուցները յուրացվում են նաև ճարպերով։
«Ռացիոնում պետք է անպայման լինի ծովամթերք, քանի որ դրանք էլ օմեգա շարքից են, որոնք, ցավոք, մեր երկրում քիչ են»,– վստահեցնում է նա։
Սննդի խորհրդատուն, սակայն, դրական դինամիկա է տեսնում` համեմատելով ներկան և 15-20 տարի առաջ եղած իրավիճակը։ Ըստ նրա` հիմա մարդիկ շատ ավելի գրագետ են դարձել, գիտեն արդեն` ինչ է իրենց անհրաժեշտ օրվա ընթացքում օրգանիզմը բջջանյութով, սպիտակուցներով լրացնելու համար և նաև այն, որ ածխաջրերը մեզ մինիմալ քանակի են անհրաժեշտ։
Նշենք, որ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ՀՀ–ում իրականացված «Հայաստանի պարենային անվտանգության և խոցելիության» գնահատման հետազոտության համաձայն` ՀՀ տնային տնտեսությունների 23%-ը սպառում է օրական անհրաժեշտ կալորիականության ոչ բավարար քանակ, իսկ 56%-ը՝ անհրաժեշտ օրական միջին կալորիականության շուրջ 70%–ը: Առավել խոցելի է Տավուշի մարզը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 25%, Լոռու մարզը՝ 31%, Շիրակի մարզը՝ 35%։