ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղում մեկնարկել են 17-18-րդ դարերի մատուռ–դամբարանի վերականգնման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍՆ–ի գիտամեթոդական խորհրդի նիստին։ Հաստատվել է նաև աշխատանքային նախագիծը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման թույլտվություն է տվել: Տարածքի բարեկարգման և մատուռի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են, որ այդ մատուռի մասին տեղեկություններ չկան, ենթադրաբար այն կառուցվել է 17-րդ դարում, միանավ բազիլիկ տիպի է:
Հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում՝ արտաքին պատերի վերնամասերը և թաղի գմբեթարդի մի հատվածը խարխլված են: 2022 թ–ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել էին վերականգնմանը նախորդող պեղման աշխատանքներ: