«Սևան» ազգային պարկի սոճիներին լայնածավալ հատում է սպառնում. ինչպե՞ս լուծել խնդիրը

Արխիվային լուսանկար
Նախկին փոխնախարարը «տրագեդիա» չի համարում 10 հազար սոճիների չորացումը, սակայն այն հետագայում կարող է տրագեդիայի վերածվել եթե սոճու հիվանդության բուժումը չգտնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացումը կանխելը բավականին բարդ է և ենթադրում է ծառերի լայնամասշտաբ հատումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Վարդան Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ավելի քան 8000 սոճի ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Սոճիների խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Շրջակա միջավայրի նախարարությունը լուծման հնարավոր տարբերակներ է փնտրում`ուսումնասիրելով նման իրավիճակներում միջազգային փորձը։
Մելիքյանը նշում է, որ խնդիրը միայն «Սևան» ազգային պարկում չէ, հանրապետության տարածքում և ողջ աշխարհով է սոճիների վերոնշյալ խնդիրը տարածված, մասնավորապես Բելառուսում, Լեհաստանի Բելովեժյան անտառներում։ Նշված երկրներում խնդիրը լուծվել է լայնամասշտաբ հատումներով։
«Բացի այն ծառերից, որոնք տեսանելի է, որ վարակված են, կանաչ, առողջ տեսք ունեցող ծառերը ևս շատ դեպքերում վարակված են։ Պետք է լավ հասկանալ` ինչ գործոններ կան, որոնք նպաստում են հիվանդության տարածմանը։ Կան վարկածներ, որ այստեղ մեծ դեր ունի նաև կլիմայի փոփոխությունը»,–ասաց նա։
Բացի դա, նախկին փոխնախարարը նշում է, որ մեկ այլ խնդիր էլ այն է, որ սոճու տնկարկները Հայաստանում ժամանակին շատ խիտ են տնկվել, որը հետագայում չի նոսրացվել։ Շատ հաճախ մեկ հեկտարի վրա կա տնկված 10-12 հազար ծառ, որը բնության կանոններին դեմ է։
«10 հազար ծառը թվում է մեծ թիվ, բայց, հավանաբար, մենք խոսում ենք մի քանի հեկտարի մասին։ Իհարկե, ՀՀ–ի նման սակավանտառ երկրի համար սա ևս շոշափելի թիվ է, բայց ես չեմ կարծում, որ խոսում ենք լուրջ տրագեդիայի մասին։ Այն էսթետիկ առումով տեսանելի է, մարդիկ անցնում են ու թվում է՝ ահավոր բան է տեղի ունենում։ Իհարկե դա կարող է հետագայում դառնալ ահավոր բան, բայց եթե այս պահից աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ, չեմ կարծում ազդեցությունը մեծ կլինի»,–նշեց մեր զրուցակիցը։
Լավ խորովածանոց կլինի. Ծաղկաձորի, Արզնիի, Լոռու անտառները վարձակալության են տրվում
Ինչ վերաբերում է խնդիրների լուծման ուղիներին, Մելիքյանի դիտարկմամբ, պետք է ռիսկի գնալ և խնդրին լուծում տալու համար սկսել սոճուտների նոսրացումից։ Նման փորձ Հայաստանում նախկինում եղել է, որը հաջողությամբ է ավարտվել։ Մյուս ուղղությունը, որը ևս ժամանակին` 10 տարի առաջ սահմանափակ ծավալով կիրառվել է Հայաստանում, դա սոճուտների տրանսֆորմացիան է` այսինք դրանց աստիճանական վերածումը լայնատերև անտառների։
Նրա խոսքով` կարևոր հանգամանք է ևս այն, որ խնդիրները հիմնականում առնչվում են այն սոճուտներին, որոնք հիմնականում տնկվել են 60–80–ական թվականներին։ Այդ տնկիները բերվել են Ուկրաինայից և Բելառուսից։
«Իսկ մեր տեղական սոճու ենթատեսակը կարծես «բարձր իմունիտետ» ունի և հիվանդությանը չի ենթարկվում և խնդիրներ դրա հետ կապված չեն դիտարկվում։ Սա կարևոր է` ավելի ընդգծելու համար, որ պետք է տեղական տեսակները օգտագործել նաև հետագա ենթադրվող լայնածավալ անտառապատման աշխատանքներում, քանի որ դրանք հարմարեցված են տեղական պայմաններին և ավելի դիմացկուն են։ Եվս մեկ անգամ հաշվի առնելով նաև, որ կլիմայի փոփոխություն է ընթանում, տեղումները կրճատվում են, իսկ ջերմաստիճանը բարձրանում է»,–ընդգծեց Մելիքյանը։
Նշենք, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում նախնական ուսումնասիրությունը փաստել են այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։
Ըստ նախկին փոխնախարարի` Հայաստանում հնարավոր է արտադրել դեղեր, որոնք գրավիչ են այդ ծառերը վնասող բզեզների համար, բայց դա ևս ժամանակատար է, 5-10 տարի է պահանջվում նման դեղ ստանալու համար և երաշխիք էլ չկա, որ այն կարող է արդյունավետ լինել։
Վերջում Մելիքյանն ընդգծեց, որ պետք է ավելի լավ ուսումնասիրել ծառերի չորանալու պատճառները, քանի որ խնդիրը մեկ օրում չի առաջացել, լուծումը ևս չի կարող արագ լինել։