ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Քիշնևի միջազգային օդանավակայանում այսօր հրաձգություն իրականացրած օտարերկրացին ձերբակալվել է, նա վիրավոր է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Հատուկ նշանակության «Կայծակ» ոստիկանական բրիգադի մարտիկներին հաջողվել է չեզոքացնել իրավախախտին, որը հրաձգություն էր կազմակերպել Քիշնևի օդանավակայանում։ Այս պահին վտանգը վերացված է։ Հարձակվողը վնասվածքներ է ստացել, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում», - ասվում է ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քիշնևի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը կրակ է բացել օդանավակայանում, ուղևորները տարհանվել են, ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես հետաձգվել են: ՆԳՆ տվյալներով՝ հրաձգությունը կազմակերպել է մի օտարերկրացի, որին թույլ չեն տվել երկիր մտնել, նրա գործողությունների հետևանքով երկու զոհ կա։