ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Պետական ոչ մի մարմին, բացի ՄԻՊ–ից, այսօր չի մասնակցի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» քննարկմանը։ Այսօր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Թովմասյանը։
Նա հավելեց, որ բոլոր կառույցները կա՛մ չեն արձագանքել, կա՛մ մերժել են հրավերը։
«Փաստաբանները մեր երկրում իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս բռնության են ենթարկվում, սա նշանակում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական իրավունքները և ընդհանրապես կյանքի իրավունքը վտանգվում է աշխատանքի ժամանակ։ Ես այսօր հրավիրել եմ քննարկում , որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավոր ելքեր կարող ենք գտնել այս իրավիճակում»,– ասաց Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցներին արդեն ուղարկել է համապատասխան զեկույց և տեղեկացրել, թե ինչ է կատարվում Հայաստանի դատական համակարգում։
Պատգամավորը հուսով է, որ միջազգային կառույցները նույնպես կարձագանքեն փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին և իրենց մանդատի շրջանակում ամեն բան կան, որ դեպքերի կրկնությունը բացառվի։
Հիշեցնենք, որ վերջին օրերին փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնությունն էր և փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալումը` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել Փաստաբանների պալատի երկու անդամի։