ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում»,– ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը` ի նպաստ երկու բարեկամ երկրների։
Նա վստահություն է հայտնել, որ Չոլակուի պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է ռումինահայ համայնքը:
Նշենք, որ Իոն-Մարչել Չոլակուն հունիսի 15-ին է Ռումինիայի վարչապետ ընտրվել։ Մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Նիկոլայե Չուկեն։