ՀՀ–ի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 4 ամսում նախորդ տարվա համեմատ աճել է 2.5 անգամ

Վահան Քերոբյան
Երևանում կայացած Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում քննարկվել են մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար–ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանն այդ մասին ասել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ։
Նիստն անցկացվել է Երևանում, Լեհաստանի զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի համանախագահությամբ։

«Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ։ Մենք համոզված ենք, որ այս կարևոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համար», - նշել է Քերոբյանը:

Քննարկվել են նաև առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։
Վահան Քերոբյանը ՌԴ–ում կմասնակցի «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին