Հայաստանից Վրաստան նույնականացման քարտով մեկնել դեռ հնարավոր չէ. ՀՀ ԱԳՆ

«Բավրա» անցակետը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանից Վրաստան նույնականացման քարտով մեկնել հնարավոր կլինի կողմերի միջև ամսաթվի հաստատումից հետո։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը` ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների։
«2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ` համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում»,– նշված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «ՀՀ և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
Անի Բադալյանը նաև նշում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 12–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դա նշանակում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով: