ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում այսօր շարունակվեցին մրցումները թեքբոլում։ Հայաստանը խառը զույգերի մրցումներում ներկայացնում էր Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան զույգը։
Մեր մարզիկները ընդգրկված էին B խմբում, որտեղ առաջին մրցախաղում պարտվեցին Սերբիայի ներկայացուցիչներին։ Հաջորդ երկու մրցախաղերում Հայաստանի խառը զույգը լավ հանդես եկավ ու հաջորդաբար հաղթելով Խորվաթիայի (2:0) և Ուկրաինայի(2:1) ներկայացուցիչներին` դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հայաստանի թեքբոլի խառը զույգերի թիմը
© Sputnik / Asatur Yesayants
Քառորդ եզրափակիչում Քրիստինեն ու Ռաֆայելը Չեխիան ներկայացնող Լուկաս Ֆլակս-Գաբրիելա Զախովա խառը զույգի հետ մրցախաղի առաջին սեթում դժվարին պայքարում հաղթանակի հասան 12։10 հաշվով։
Երկրորդ սեթում հայ թեքբոլիստները պարտվեցին 4։12 հաշվով։
Վճռորոշ երրորդ սեթում մեր թիմը չկարողացավ հասնել իր նպատակին ու պարտվելով 6։12 հաշվով` ավարտեց իր ելույթները Եվրոպական խաղերում։
Վաղը թեքբոլի տղամարդկանց զույգերի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է Գոռ Սարգսյան–Ռաֆայել Վարդանյան զույգը։