ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով համաժողով է տեղի ունեցել ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Երկրորդ աշխարհամարտին հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացվել են չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջերը ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքները։
«Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն»,–ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ Նրանք նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին:
Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն։