Անհավասար պայմանների հետևանքով հայ բեռնափոխադրողը անմրցունակ է դառնում. քննարկում ԱԺ–ում

Քննարկում ԱԺ–ում
Ըստ բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ, օգտագործելով հարևան երկրներից մեկի համարանիշերը, խուսափում են հարկեր վճարելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ոչ հավասար պայմանների հետևանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել և աստիճանաբար դուրս են մղվում շուկայից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։
ԱԺ–ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև տնտեսվարողներ և բեռնափոխադրողներ:
Ըստ բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ, օգտագործելով հարևան երկրներից մեկի համարանիշերը, խուսափում են հարկեր վճարելուց։
«Այդ պատճառով այդ բեռնափոխադրողները ապրանքը ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաև զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով»,– ԱԺ–ում ասել են բեռնափոխադրողները` հավաստիացնելով, որ իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:
Քննարկմանը ներկա ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց:
Հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվլու են` մինչև համապատասխան լուծումներ գտնելը: