«Սևան» ազգային պարկում 8000 ծառ է չորացել, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է

«Սևան» ազգային պարկում չորացած ծառերը
Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ տարածքում վտանգավոր հիվանդություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ավելի քան 8000 սոճի ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր հարցի հրատապ քննարկում է տեղի ունեցել նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ։
«Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից:
«Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը»,– բացատրել են մասնագետները։
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:
«Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակները, ներկայացվել է նաև նման իրավիճակներում միջազգային փորձը։
Վարդավառի լճում ձկների սատկելու պատճառը հիվանդությունն է. ՍԱՏՄ–ն մանրամասներ է ներկայացրել
Նախարարը գործընկերներին ներկայացրել է խնդրի լուծման հրատապությունը, որոշվել է շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։
«Սևան» ազգային պարկում չորացած ծառերը
Քվոտաներ սահմանելով` նախարարությունը հույս ունի ձկնորսությունն օրինականացնել